ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.07.2020

image

 Մրցութային հանձնաժաղովի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացրած ՀԿ-ներից երեքի դիմումը բավարարվել է և թեկնածուները ներկայացվել են Դատավորների ընդհանուր ժողովին, իսկ մեկի դիմումի ընդունումը մերժվել է

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով 2020 թվականի հունիսի 18-ին հայտարարել է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվել է 2020 թվականի հունիսի 29-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցելու համար, սահմանված ժամկետում, դիմել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ ներկայացնելով մեկական թեկնածուներ.

1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Ս. Այվազյան, առաջադրված թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան,

2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան, առաջադրված թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյան:

3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան, առաջադրված թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան:

4. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան, առաջադրված թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյան:

Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 12.06.2020թ. թիվ 525-Ա հրամանով ձևավորվել է մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հետևյալ կազմով՝

     1. Նարեկ Գաբրիելյան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (մրցութային հանձնաժողովի նախագահ),

     2. Արմեն Հարությունյան՝ Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),

     3. Խաչիկ Ղազարյան՝ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (մրցութային հանձնաժողովի անդամ):

Մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվել են մրցութային հանձնաժողովի նիստեր՝ Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերի՝ Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար:

Ուսումնասիրելով վերը նշված հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը՝ մրցութային հանձնաժողովի կողմից փաստաթղթերում արձանագրվել են թերություններ: Մրցութային հանձնաժողովի որոշումներով ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը վերադարձվել են հասարակական կազմակերպություններին՝ սահմանելով երկօրյա ժամկետ՝ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար:

Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից կրկին ներկայացված փաստաթղթերը, որոշումներ է կայացրել բավարարել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումները, իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումի ընդունումը մերժել՝ ներկայացված փաստաթղթի անհամապատասխանության հիմքով:

Ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 18-րդ կետով՝ Դատավորների ընդհանուր ժողովին են ուղարկվել Մրցութային հանձնաժողովի՝ Դատավորների ընդհանուր ժողով թեկնածուներ ներկայացնելու մասին որոշումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյանի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական  ՀԿ-ի և թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյանի վերաբերյալ մրցութային հանձնաժողովում առկա փաստաթղթերը, ներառյալ՝ մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները:

 

                                                                                                                                                                                      ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Կիսվել