Նորություններ

RSS
image

18.09.2020

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հարգելի՛ գործընկերներ,

 

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր):

Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը:

2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների և դատական ծառայողների մեծամասնության մոտ: Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ և շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը և պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի և, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, և այն համբերատարությունը, որ դրսևորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել և այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսևորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում:

Կարևորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների և դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարևորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը և միասին այդքան կարևոր ճանապարհ անցնելը:

Կարևորում եմ նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների և դատական համակարգի խնդիրները վեր հանող և խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ և նաև որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների և միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում:

Հարկ եմ համարում նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարևոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք: Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում: Կարևորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում և Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները և գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում:

Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին և պատասխանատու գործում:

 

Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝

1. վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները,

2. դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից,

3. դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ:

 

Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների և դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը:

 

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին:

 

 

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

image

10.09.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին:

Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն էր:

Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:

IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրին դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը:

 

 Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

02.09.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը թիվ ԵԱԴԴ/0150/02/12 գործով անդրադարձ է կատարել  սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմը որոշելու առանձնահատկություններին մինչև 15.04.2020թ. գործող և 15.04.2020թ.-ից գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը լուծել է թիվ ԵԱԴԴ/0150/02/12 գործի ենթակայության հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, մասնավորապես, արձանագրել է, որ պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի շրջանակը հստակ սահմանված է մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ կարգավորումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքով: Մասնավորապես՝ մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ 15.04.2020թ.-ից ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում ընդլայնվել է պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի կազմի շրջանակը, այդ թվում՝ երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաների ներառման ենթակա լինելու առումով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական գործում առկա ապացույցով ուղղակիորեն հիմնավորվում է վիճելի գույքի՝ սնանկ ճանաչված պարտապանին պատկանելիության փաստը, իսկ Սնանկության դատարանը, բացառելով վեճի առարկա գույքի՝ պարտապանի գույքային զանգվածի մեջ ներառված լինելու հանգամանքը, որևէ հիմնավորում չի ներկայացնում այդ կապակցությամբ, ինչպես նաև գործում առկա չէ հակառակ փաստը հիմնավորող որևէ ապացույց, ապա «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված գույքը պարտապանի գույքի կազմում ներառելու հիմք է:

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը թիվ ՍնԴ/0063/02/19 գործով անդրադարձ է կատարել սնանկության կառավարիչների կողմից հարուցվող հայցերի ենթակայությանը մինչև 15.04.2020թ. գործող և 15.04.2020թ.-ից գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը լուծել է թիվ ՍնԴ/0063/02/19 գործի ենթակայության հարցը: Նշված որոշմամբ համեմատական վերլուծության են ենթարկվել մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի և 15.04.2020թ.-ից ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի մի շարք կարգավորումներ, որոնք դատական պրակտիկայում ընդհանրապես և թիվ ՍնԴ/0063/02/19 գործով մասնավորապես հարուցել են իրավակիրառման որոշ խնդիրներ:  

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, մասնավորապես, արձանագրել է, որ Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքով մեծածավալ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության մասին» օրենքում: Նոր իրավակարգավորումն ենթադրում է քաղաքացիական գործերի առավել լայն շրջանակի քննություն սնանկության վարույթի շրջանակում, մասնավորապես՝ այն քաղաքացիական գործերը, որոնք կապված են սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերի հետ (բացառությամբ սնանկության գործերով կառավարչների կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի): Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող հոդվածով տրվել են նաև այն անհրաժեշտ իրավական լուծումները, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել մինչև օրենքի ընդունումը հարուցված և օրենքի ընդունումից հետո հարուցված սնանկության վարույթների նկատմամբ հետագա կիրառելի իրավակարգավորումների շրջանակը: Այսինքն՝ հստակ ընդգծվել է այն սահմանագիծը, թե սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են գործում 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումները (այդ թվում՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով), և սնանկության գործերի որ խմբի նկատմամբ են շարունակում գործել մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումները (այդ թվում՝ 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով):

Նոր իրավակարգավորումը, սակայն, նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական գործը հարուցվել է սնանկության գործով կառավարչի հայցի հիման վրա: Նման հայցով հարուցվող քաղաքացիական գործի պարագայում այն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակում քննելու ենթակայության պայմանը չի գործում և այդպիսի գործը կարող է հարուցվել ենթակայության և ընդդատության ընդհանուր կանոններին համապատասխան: Ընդ որում, 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածը որևէ հատուկ կարգավորում չի նախատեսել սնանկության կառավարիչների կողմից մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ հարուցած հայցերով գործերի ենթակայության կամ դրանք ընդհանուր իրավասության դատարաններին հանձնելու վերաբերյալ: Հետևաբար, հաշվի առնելով 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» սահմանող 72-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը և նկատի ունենալով, որ սնանկության կառավարիչների հայցերի հիման վրա հարուցվող գործերի ենթակայության հատուկ պայմանը սահմանվել է 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքով, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ նշված կանոնը գործում է 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սնանկության կառավարիչների կողմից հարուցվող հայցերի նկատմամբ՝ միաժամանակ այն պայմանով, որ սնանկության գործը, որին առնչվող որևէ իրավական վեճով հայց է ներկայացնում սնանկության կառավարիչը, ևս պետք է հարուցված լինի 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 10.08.2020 թվականի թիվ ԱՐԱԴ/0090/01/19 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթների կիրառելիությանը վերաբերող հարցերին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Կարապետյան) որոշման հիման վրա 10.08.2020 որոշմամբ լուծել է թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործի տարածքային ընդդատության հարցը։ Մասնավորապես, որոշմամբ համակարգային վերլուծության են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀՀ տարածքից դուրս կատարված հանցանքների վերաբերյալ դրույթները, ինչպես նաև նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում քրեական գործի տարածքային ընդդատությունը որոշելու կանոնակարգումները։

Որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները կիրառելի են այն դեպքերում, երբ անձին մեղսագրված բացառապես բոլոր հանցագործությունները կատարվել են ՀՀ տարածքից դուրս և տվյալ արարքներից թեկուզ մեկի՝ ՀՀ սահմաններում կատարված լինելը բացառում է նշված դրույթների կիրառումը։

Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգումները վերաբերվում են այն առաջին ատյանի դատարաններին, որոնք գտնվում են նույն օրենսգրքի իրավազորության ներքո։

Այն հանգամանքների հաշվառմամբ, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործով ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, բացի մեկից, որը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում, հանդիսանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի դատական տարածքը ու տվյալ գործով ամբաստանյալին մեղսագրված արարքներից և ոչ մեկը չեն կատարվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, ինչպես նաև այն, որ միաժամանակ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի ընդդատության հարցի որոշման տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այլ կանոն չի նախատեսվել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթները սույն դեպքում կիրառելի չեն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը որոշել է, որ թիվ ԱՐԱԴ/0090/01/19 քրեական գործը ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

image

01.09.2020

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

2020 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ «Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները»։

Անդրադառնալով «ուշացումով» դատախազության փաստարկները հիմնավոր ճանաչելու վերաբերյալ դատողությանը, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված Գոռ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքները վարույթ էր ընդունել օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման նկատառումներով։ Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով պայմանավորված` դատական պրակտիկայում առավելապես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառումն ինքնաբերաբար մերժելու մոտեցման հնարավոր վտանգները, կարևորելով անձի ազատության իրավունքը մեխանիկորեն սահմանափակելու անթույլատրելիությունը, ելնելով անձի ազատության կանխավարկածի սկզբունքի արժեբանական նշանակությունից՝ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշների, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Գոռ Համբարձումյանի գործով դեռևս 2019 թվականի ապրիլի 12-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու անձի ազատության հիմնարար իրավունքը վտանգող քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիմումը բավարարել էր՝ ճանաչելով վիճարկվող քրեադատավարական դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Կարևոր է փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքների քննարկումը հնարավոր էր դարձել բացառապես անմիջականորեն կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի վերոհիշյալ որոշման կայացումից հետո։ Մինչդեռ Դավիթ և Գոռ Համբարձումյանների վերաբերյալ քրեական գործը, մինչ այդ՝ դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին, ըստ էության քննության առնելու համար ուղարկվել էր առաջին ատյանի դատարան, այսինքն՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։

Հետևաբար Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը՝ տվյալ գործով մինչդատական վարույթի շրջանակներում իրավական որևէ հետևանք չէր կարող առաջացնել ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումն «ուշացումով» կայացնելու կամ այն կողմերին «ուշացումով» ուղարկելու պատճառաբանությամբ, այլ տվյալ գործով մինչդատական վարույթը մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումն ավարտված լինելու և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացված լինելու հիմքով։

Հարկ է միաժամանակ փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներն անձի ազատության կանխավարկածի սկզբունքի ապահովման, դատական պրակտիկայի միասնականության ապահովման տեսանկյունից ունեն նախադեպային հիմնարար նշանակություն։ Ձևավորված նախադեպային իրավունքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հիշյալ գործերով արձանագրել է, որ պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով՝ գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար մերժվել չի կարող՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միաժամանակ արձանագրել է, որ իբրև այլընտրանք` գրավը պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ցանկացած ռիսկ՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։

 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատ

 

image

14.08.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի  օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվեին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել էին հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Օգոստոսի 4-ին Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաշվիչ հանձնաժողովի պարզաբանումը, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը և որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն, ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում նշել, որ թեև որոշ իրավաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերում հրապարակային մեկնաբանությունների և հարցազրույցների միջոցով կասկածներ էին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված և կնիքված քվեաթերթիկները բացել և վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որևէ թեկնածուի կողմից:

Վերոնշված քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման և մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ամփոփումից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 73

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին, իսկ Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակը ոչ թե 83 է, այլ՝ 73, որը չի ազդում վերջնարդյունքի վրա:

Հիմք ընդունելով վերոնշվածը՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ:

Վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել և ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկին ներկա էին դիմումատու Արտաշես Խալաթյանը, նրա ներկայացուցիչը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վերահաշվարկն իրականացվել է ուղիղ հեռարձակման պայմաններում:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվիչ հանձաժողովի 31.07.2020 թ. արձանագրած արդյունքները նույնն են և մնում են անփոփոխ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների թեկնածուների՝ հաշվիչ հանձնաժողովին ուղղված դիմումների կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ:

Որոշումների տակ ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը և հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ Կարեն Զարիկյանը, Արթուր Ավագյանը, Նարինե Հովակիմյանը, Անահիտ Թումանյանը:

 

 Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողով