Նորություններ

RSS
image

18.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է.

միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

10.07.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ 01 որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում) և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ, Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Ուսումնական հարցերի հանձնաժողովի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ ընտրելու նպատակով ՏԵՂԵԿԱՑՎՈՒՄ Է՝  

1.Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ինքնաառաջադրվելու կամ դատավորի կողմից առաջադրվելու մասով՝

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

        Օրենսգրքի 77-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

        Ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնաառաջադրման դեպքում թեկնածուն Դատական դեպարտամենտ է ներկայացնում դիմում՝ կցելով.

         1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

         2) թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

         3) թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները.

         4) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ.

         5) իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

         6) գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

        7) համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

        Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի՝ դատավորի կողմից առաջադրվելու դեպքում դատավորը Դեպարտամենտ է ներկայացնում դիմում և 1-7-րդ կետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ դատավորի կողմից որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:

 

2. Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ներգրավելու նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների մասով՝

  Դատավորների ընդհանուր ժողովի որոշման 76.5-րդ կետի համաձայն՝ Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների՝ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

        Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանած Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.

1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,

2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

        Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։

          Ընդհանուր ժողովի Հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների համապատասխան փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ, առձեռն կամ փոստային եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Վ. Սարգսյան 5 հասցեով:

 Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511-740 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

Դատական դեպարտամենտ

image

10.07.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը, 2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11.30-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):

image

08.07.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 22-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժա՛ն դատավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։

Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:

Դիտարկելով անցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝ հարկ է արձանագրել այն հսկայածավալ և գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:

Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ և քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում։

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ