Նորություններ

RSS
image

07.07.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ԵԿԴ/0244/02/12 ԳՈՐԾԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արդյո ՞ ք Սնանկության դատարանը մինչև Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելն իրավասու է հանձնված գործի ենթակայության վերաբերյալ անհամաձայնության հիմքով գործն ուղարկել Վճռաբեկ դատարանի նախագահին այն դեպքում, երբ տվյալ գործը հարուցվել է և քննվում է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Գ. Նարինյան) որոշման հիման վրա 18.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԿԴ/0244/02/12 գործի ենթակայության հարցը: Նշված որոշմամբ համեմատական վերլուծության են ենթարկվել 17.06.1998թ. ընդունված, 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի և 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի մի շարք կարգավորումներ, որոնք դատական պրակտիկայում ընդհանրապես և թիվ ԵԿԴ/0244/02/12 գործով մասնավորապես հարուցել են իրավակիրառման որոշ խնդիրներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դատական պրակտիկայի համար խնդրահարույց հետևյալ հարցադրումներին՝

  1. արդյո ՞ ք 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում հարուցված  և քննվող քաղաքացիական գործերը կարող են ըստ ենթակայության հանձնվել Սնանկության դատարանին,
  2. արդյո ՞ ք Սնանկության դատարանը մինչև Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելն իրավասու է հանձնված գործի ենթակայության վերաբերյալ անհամաձայնության հիմքով գործն ուղարկել Վճռաբեկ դատարանի նախագահին այն դեպքում, երբ տվյալ գործը հարուցվել է և քննվում է 17.06.1998թ. ընդունված, 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում,
  3. ինչպես մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով, այնպես էլ՝ 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված են արդյո±ք այնպիսի հանգամանքներ, որոնց բացակայությունը՝ գործի քննությամբ պարզելուց հետո միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները կարող են վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին հարց քննարկել,
  4. կարող են արդյո ՞ ք «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) կարգավորումները կիրառվել մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը Սնանկության դատարանի վարույթում գտնվող սնանկության գործի հետագա վարման կամ առանձին դատավարական գործողությունների կատարման գործընթացում,
  5. որո ՞ նք էին մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն պահանջները, որոնց վերաբերյալ քաղաքացիական գործում փաստերի առկայությունը կարող էր միայն թույլ տալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին՝ վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին կատարել իրավաչափ եզրահանգում,

6) որո ՞ նք են 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն պահանջները, որոնց վերաբերյալ քաղաքացիական գործում փաստերի առկայությունը կարող է միայն թույլ տալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին՝ վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին կատարել իրավաչափ եզրահանգում։

 

Բարձրացված հարցադրումների կապակցությամբ համակարգային վերլուծությունների արդյունքում ներկայացնելով դատական պրակտիկայի համար ուղղորդող նշանակություն ունեցող եզրահանգումներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ 17.06.1998թ. ընդունված, 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում հարուցված և քննվող այն քաղաքացիական գործերը, որոնք «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-105-Ն օրենքի ուժով ենթակա են քննության սնանկության վարույթում, նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով կարող են հանձվել սնանկության գործը քննող դատարանին, տվյալ պարագայում՝ Սնանկության դատարանին: Իր հերթին Սնանկության դատարանը, անհամաձայնություն ունենալով այդպիսի գործի ենթակայության վերաբերյալ, 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով իրավասու է ծագած ենթակայության վեճը լուծելու համար գործն ուղարկել Վճռաբեկ դատարանի նախագահին: Միաժամանակ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քաղաքացիական գործերը 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Սնանկության դատարան ըստ ենթակայության ուղարկելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է պարզեն Սնանկության դատարանում վարվող սնանկության գործը հարուցվել է մինչև 15.04.2020 թվականը (օրենքի ուժի մեջ մտնելը), թե հարուցվել է 15.04.2020 թվականից հետո: Սա է այն սահմանագիծը, որ առաջին ատյանի դատարանները պետք է նկատի ունենան կիրառելի իրավունքի նորմերն ընտրելու գործընթացում:

image

07.07.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ՎԴ/2904/05/20 ԳՈՐԾԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու հետ կապված վեճը բխում է արդյո՞ք հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից

           

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ստեփանյան) որոշման հիման վրա 01.07.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ՎԴ/2904/05/20 գործի ենթակայության հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը համակարգային վերլուծության է ենթարկել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հողերը կառավարելու և տնօրինելու իրավասությունը վերապահված է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Երևանի ավագանուն և Երևանի քաղաքապետին: Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը կարող են վաճառվել կամ տրվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով վերը նշված մարմինների համապատասխան որոշումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով։ Ընդ որում, Երևանը՝ որպես համայնք, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով մասնակցում է քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններին, իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, այդ թվում նաև՝ վարձակալության տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը։ Դա կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և եզրափակվում է հողամասի վարձակալության մասին քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ։ Վերոգրյալի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ Երևան քաղաքին պատկանող հողամասի վարձակալության պայմանագրի կնքման փաստով ծագում են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց համայնքը մասնակցում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների հետ հավասար հիմունքներով։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրի կողմերի իրավահավասարության սկզբունքը դրսևորվում է նաև պայմանագրի փոփոխման հարցում, ինչը նշանակում է, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի փոփոխմանն առնչվող իրավահարաբերության բովանդակությունը չի կազմում հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը: Ըստ այդմ, Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի փոփոխմանն կապակցությամբ ծագած վեճը բխում է մասնավոր հարաբերություններից և ենթակա է քննության ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

image

06.07.2020

Ի ԼՐՈՒՄՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ և ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ 30.06.2020Թ. ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու համար մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանված իրավակարգավորումների պահանջներով, ի լրումն Դատական իշխանության պաշտոնական կայքում 30.06.2020թ. հրապարակած տեղեկատվության՝ հրապարակում է Դատական դեպարտամենտում սույն թվականի հուլիսի 6-ին ստացված՝ թեկնածու ներկայացրած հասարակական կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուի կենսագրությունը.

 

«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» խորհրդատվական ՀԿ, գործադիր տնօրեն՝ Ա. Մուշեղյան:

Թեկնածու՝ Արտուր Հաբեթի Հարությունյան:

 

image

30.06.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների և նրանց ներկայացրած թեկնածուների վերաբերյալ

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ (այսուհետ՝ Թեկնածուներ) ներգրավելու համար մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ  հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակում է Թեկնածուներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ և Թեկնածուների կենսագրությունները.

 

1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Ս. Այվազյան:

Թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան:

2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան:

Թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյան:

3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան:

Թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան (կենսագրությունը հայերեն լեզվով չի ներկայացվել, հայերեն լեզվով ներկայացվելուն պես այն կհրապարակվի): 

 

                                                                                                                                                                                                 Մրցութային հանձնաժողով

image

29.06.2020

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ԵԴ/0019/14/20 ԳՈՐԾՈՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՃԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թիվ ԵԴ/0019/14/20 գործով 04.06.2020 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումների մեկնաբանությանը

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մանուկյան) դիմումի հիման վրա 04.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0019/14/20 գործի տարածքային ընդդատության հարցը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները պատիժ չհանդիսացող դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնց միջոցով իրականացվում է պրևենտիվ արդարադատություն` ուղղված անձի սոցիալական ռեաբիլիտացիայի և բուժման ապահովմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է նրա կողմից հիվանդությամբ պայմանավորված այլ հակաիրավական արարքների կատարման կանխմանը։ Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք կարգավորում են պատժի կրման հետ կապված հարցերի լուծման ընդդատության կարգը, կիրառելի չեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նկատմամբ։ Ուստի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ կապված հարցերի լուծման ընդդատությունը ենթակա է որոշման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ: Մասնավորապես, նշված կարգավորումների հաշվառմամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է այն նշանակած դատարանը, բացառությամբ այն դեպքի, երբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն ի կատար է ածվում այդ դատարանի դատական տարածքից դուրս։ Տվյալ դեպքում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է տվյալ դատական տարածքի դատարանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նաև փաստել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումներ թեև նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 3-րդ մասում և 472-րդ հոդվածի 3-րդ մասում, սակայն դրանք կիրառելի են համապատասխանաբար անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ։ Ընդդատության հարցի լուծման այդ հատուկ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված դեպքերում ևս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերի լուծման իրավասությունն օրենսդիրը վերապահել է այն դատարանին, որի դատական տարածքում ի կատար են ածվում դրանք: