Նորություններ

RSS
image

19.06.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ուղղված՝     դատարանների նախագահներին

ի գիտություն՝  դատավորներին և դատարանների

                              աշխատակիցներին

 

 

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առայսօր ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման  Հայեցակարգը և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան Հաղորդումը: Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս Դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնությամբ ուսումնասիրության է ենթարկվել դատարաններում ձևավորված ծանրաբեռնվածության հիմնախնդիրը և դրա հիմքում ընկած հանգամանքները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը՝ դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվել են առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները:

Դրանից բացի, հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության միջև առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ այդ թվում վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում ձևակերպված անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկված նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ամբողջական ներդրման գաղափարի իրականացման հարցում: Ընդամենը վերջերս՝ 14.05.2020թ., Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-27-Ո-59 որոշմամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փորձնական եղանակով ներդրվել է էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է այսօր ՀՀ դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը, և իր լիազորությունների շրջանակներում առկա ծանրաբեռնվածության հաղթահարման և կանխարգելման համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում դիտարկելով՝ օրենսդրության կատարելագործման, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, դատավորների թվաքանակի ավելացման, դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման  ծրագրերի արդյունավետության, դատավորների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման և այլ գործոնների հնարավոր ազդեցությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության թոթափման գործընթացում:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև դատարաններում աշխատանքային կարգապահության պահանջը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը և գտնում է, որ դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման գործընթացում  ուսումնասիրության արժանի հարց է նաև հիշյալ պահանջի պահպանման պրակտիկան և դրա ազդեցության չափը՝ դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով դատարանները ծանրաբեռնվածությունից օր առաջ բեռնաթափելու կարևորությունը և անհրաժեշտությունը, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդին դատարանների նախագահների օժանդակելու պատրաստակամությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին հորդորում է.

1) սույն հայտարարության հրապարակման պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումներով դատարանների նախագահներին տրված գործիքակազմով ակտիվորեն ձեռնարկել միջոցներ դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը խստիվ պահպանելու ուղղությամբ (այդ թվում՝ ժամանակին աշխատավայր ներկայանալու և աշխատավայրից հեռանալու առումով),

2) դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ դատարանի նախագահի դիրքորոշումը, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, տրամադրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դրանք ուսումնասիրելու, ըստ անհրաժեշտության քննարկումներ կազմակերպելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

18.06.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ  հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով  հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

 

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»:

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.

  1.  Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

           Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները»:  

           Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը․

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

           4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով»։

           Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 12.06.2020թ. թիվ 525-Ա հրամանով ձևավորվել է մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝

  1. Նարեկ Գաբրիելյան- Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (մրցութային հանձնաժողովի նախագահ),
  2. Արմեն Հարությունյան- Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (մրցութային հանձնաժողովի անդամ),
  3. Խաչիկ Ղազարյան- Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (մրցութային հանձնաժողովի անդամ):

           Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է  ներկայացնել մինչև 2020 թվականի հունիսի 29-ը ներառյալ, առձեռն կամ փոստային եղանակով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Վ. Սարգսյան 5 հասցեով:

           Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010)511-740 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:


 

Դատական դեպարտամենտ

image

10.06.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020 թվականի հունիսի 3-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովի գրավոր ընթացակարգով հեռակա նիստ:

 Գրավոր ընթացակարգով անցկացված հեռակա նիստով օրակարգում ընդգրկված՝ ««Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի բաց քվեարկությանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարող 233 դատավորից մասնակցել է 205 դատավոր:

Դատավորների ընդհանուր ժողովի գրավոր ընթացակարգով անցկացված հեռակա նիստով կայացած բաց քվեարկության արդյունքների ամփոփումից ելնելով՝ Դատավորների ընդհանուր ժողովի հեռակա նիստին մասնակցած 205 անդամների 203 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ՝  

««Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագիծն ընդունվել է:

 

Դատավորների ընդհանուր ժողով

 

 Որոշմանը կարող եք  ծանոթանալ այստեղ

image

28.05.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է: Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել:

Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի անկախության հռչակումը պատմական սխրանքի ամրագրումն էր այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։

Այդ հերոսական սերնդին, սակայն, վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։ Դա պետականության մի նոր ճանապարհ էր:

Առաջին հանրապետութան հռչակումը պատմական նոր հնարավորություն էր մեզ համար` վերագտնելու հաղթանակների հավատը և վերաիմաստավորելու հայրենասիրության հավաքական ուժը: Այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, որի հետ առերեսվելը հպարտություն է և ոգեղենության հզոր աղբյուր:

Այսօրվա Հայաստանը ժառանգել է առաջին հանրապետության պետական խորհրդանիշները, ժառանգել է նաև  բովանդակությունն ու պատգամները. Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում՝ որպես ժողովրդավարական արժեհամակարգ կրող երկիր և շարունակում կառուցել իրավական պետություն։

Հավերժ խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին Մայիսի 28-ը:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

image

27.05.2020

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՏՄ-Ի ԴԱՏԱՎՈՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ

Համաձայն  Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 26-ի հրամանագրով՝ իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Թումանյանը: