ԴԸԺ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

image

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականին ստացել է շուրջ 662 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 315-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում:

Իր գործունեությունն իրականացնելու նպատակով Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում հրավիրել և անցկացրել է բազմաթիվ նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրությունների, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցերի քննարկումներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 230 հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է հաղորդում ներկայացրած անձանց՝ պատասխանում նշելով կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերը:

2022 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 17 կարգապահական վարույթ (բոլոր դեպքերում հարուցման առիթ է հանդիսացել անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց հաղորդումները), որոնցից 12-ը կարճվել է, իսկ 5-ով որոշում է կայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին: Հարուցված կարգապահական վարույթներից 4-ը կարճվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի բացակայության, 5-ը՝ արարքի նվազ նշանակություն ունենալու, իսկ 3-ը՝ դատավորի լիազորությունները դադարելու հիմքերով:

Հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 5 միջնորդություններից 1-ը բավարարվել է և դատավորին հայտարարվել է նկատողություն, 2-ը մերժվել են՝ դատավորի մեղքի բացակայության, 1-ը՝ արարքի նվազ կարևորության հիմքերով, իսկ 1 միջնորդության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճվել է դատավորի լիազորությունները դադարելու հիմքով:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված՝ կարգապահական վարույթի գաղտնիությունն ապահովելու վարույթ հարուցող մարմնի պարտականությունից, ինչպես նաև կարգապահական վարույթի իրականացման՝ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքներից ելնելով՝ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակվում են միայն քանակական տվյալներ: