ԴԸԺ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ _ ԱՄՓՈՓՈՒՄ

image

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականին ստացել է շուրջ 652 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 288-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում[1]:

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու նպատակով հրավիրված և անցկացված նիստերի ընթացքում անցկացրել է ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրությունների, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցերի քննարկումներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 264 հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է հաղորդում ներկայացրած անձանց՝ պատասխանում նշելով կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերը:

2023 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 13 կարգապահական վարույթ (12-ով հարուցման առիթ է հանդիսացել անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց հաղորդումը, 1-ով՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը), որոնցից 8-ը կարճվել է, 4-ը դեռևս չի ավարտվել, իսկ 1-ով որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին: Հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը բավարարվել է և դատավորին հայտարարվել է նախազգուշացում: Հանձնաժողովի անդամների կողմից հատուկ կարծիքներ են ներկայացվել Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական վարույթը կարճելու մասին երկուական որոշումների վերաբերյալ:

[1] «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված՝ կարգապահական վարույթի գաղտնիությունն ապահովելու վարույթ հարուցող մարմնի պարտականությունից, ինչպես նաև կարգապահական վարույթի իրականացման՝ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքներից ելնելով՝ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակվում են միայն քանակական տվյալներ: