ԲԴԽ-33-Ո-108 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
16.03.2023
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
Օրենքի 110.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը և 110.1-ին հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ առկա է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինները, առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, համալրելու նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 16
ք. Երևան
Ֆայլ