ԲԴԽ-40-ԱՈ-29 ՈՐՈՇՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10.06.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով Հովհաննես Խուդոյանի 14.05.2019 թվականի գրությունը՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի տրամադրման մասին»՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Պ Ա Ր Զ Ե Ց.
2019 թվականի մայիսի 14-ին «Կոնցեռն-Դիալոգ» փակ բաժնետիրական ընկերության փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալու Դատավորին կարգապահական պատախանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի նյութերին, անհրաժեշտության դեպքում ստանալ լուսապատճեններ՝ վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
Այս առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդում նիստն անց է կացվել դռնփակ 2019 թվականի մայիսի 2-ին՝ Դավիթ Գրիգորյանի միջնորդությամբ («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով, համաձայն որի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, կամ դատավորն այդպիսի միջնորդություն է ներկայացրել):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատական վարույթի հրապարակայնության սկզբունքն ամրագրող 11-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին կամ օրենքով պահպանվող գաղտնիքին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Դատարանը կայացնում է նման որոշում, եթե դատական ակտն առերևույթ առնչվում է դիմողի իրավունքներին կամ պարտականություններին:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ 1. յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ կետը նախատեսում է դռնփակ վարույթի նյութերին ծանոթանալու սահմանափակում՝ նման իրավունքը վերապահելով բացառապես այն անձին կամ նրա ներկայացուցչին, ում իրավունքներին անմիջականորեն առնչվում են դռնփակ վարույթի նյութերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը չի ներկայացրել որևէ փաստարկ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերն անմիջականորեն առնչվում են իր կամ իր վստահորդի իրավունքներին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Հովհաննես Խուդոյանի պահանջը՝ տրամադրելու դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ դռնփակ կարգով անցկացված կարգապահական վարույթի նյութերը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով, 90-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 8-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 61-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի դռնփակ նիստում քննված վարույթի նյութերի տրամադրման մասին Հովհաննես Խուդոյանի պահանջը մերժել:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆ
2019 թ․ հունիսի 10
ք. Երևան
Ֆայլ