ԲԴԽ-41-Ն-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.06.2021

                                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

                                                      ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-րդ մասի 23-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.1-ին հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                            Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

           1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարաններ էլեկտրոնային եղանակով փաստաթուղթ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

           2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

    2021թ. հունիսի 17

              ք. Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի հունիսի 17-ի թիվ

ԲԴԽ-41-Ն-13 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

          1.1 Հայաստանի Հանրապետության դատարաններում վարչական և քաղաքացիական գործերով էլեկտրոնային եղանակով փաստաթղթի ներկայացմանը վերաբերող հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ ՔԴՕ), ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ` ՎԴՕ), «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, ինչպես նաև սույն կարգով (այսուհետ՝ Կարգ):

 

 

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Փաստաթղթի էլեկտրոնային ձև` սկզբնապես թղթային կրիչի վրա պատրաստված փաստաթղթի սկանավորված կամ այլ կերպ թվայնացված պատճենը:

2.2 Փաստաթուղթ` փաստաթղթի էլեկտրոնային ձև և/կամ Կարգի իմաստով էլեկտրոնային փաստաթուղթ։

2.3 Փաստաթղթի էլեկտրոնային եղանակով ստեղծման ձև՝ էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցում:

2.4 Փաստաթղթի էլեկտրոնային եղանակով ներկայացման ձև` անձնական գրասենյակի հասցեից ուղարկվող փաստաթուղթ։

2.5 Փաստաթուղթ ներկայացնող անձ` ՔԴՕ-ով և ՎԴՕ-ով փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնող անձ (օգտատեր և/կամ նրա ներկայացուցիչ)։

2.6 Համակարգ՝ էլեկտրոնային արդարադատության իրականացման ավտոմատացված ծրագիր:

2.7 Անձնական գրասենյակ` դատական իշխանության պաշտոնական կայքում  առկա էլեկտրոնային հարթակ, որը նախատեսված է փաստաթուղթ ներկայացնող անձի կողմից էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու իրավունքի իրացման համար:  Անձնական գրասենյակը ստեղծվում է ֆիզիկական և իրավաբանական անձի նույնականացմամբ, որի միջոցով ստեղծվում է մուտքանուն և գաղտնաբառ Համակարգ մուտք գործելու համար: Փաստաբանների և հավատարմագրված օտարերկրյա փաստաբանների անձնական գրասենյակների նույնականացումն իրականացվում է Փաստաբանների պալատի կողմից:

 

 

  1. ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

           3.1 Էլեկտրոնային փաստաթղթին և փաստաթղթի էլեկտրոնային ձևին ներկայացվող պահանջները

ա) Էլեկտրոնային փաստաթուղթն ստեղծվում է էլեկտրոնային եղանակով՝ առանց նախնական թղթային կրիչի վրա փաստաթղթավորման։ Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: Էլեկտրոնային կրիչի վրա գրանցված և նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ և ունեն հավասար իրավական նշանակություն:

բ) Դատարան ուղարկվող էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացվում է այն ձևաչափով, որով այն վավերացված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

գ) Փաստաթղթի էլեկտրոնային ձևը ստեղծվում է թղթային կրիչի վրա պատրաստված փաստաթղթի սկանավորման կամ այլ կերպ թվայնացման միջոցով։

դ) Յուրաքանչյուր առանձին փաստաթուղթ պետք է ներկայացվի առանձին ֆայլի տեսքով։ Փաստաթղթի անվանումը պետք է հնարավորություն տա նույնականացնել փաստաթուղթը և թերթերի քանակը փաստաթղթում։

ե) Փաստաթղթում պարունակվող տվյալները պետք է լինեն ընթեռնելի, չպետք է պաշտպանված լինեն պատճենումից և տպագրությունից:

զ) Էլեկտրոնային փաստաթուղթը պետք է վավերացված լինի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

է) Էլեկտրոնային թվային ստորագրությունները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային թվային ստորագրության պահանջներին։

ը) Էլեկտրոնային փաստաթուղթը պետք է ստորագրվի այն անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ով այդ փաստաթղթի տեքստում նշված է՝ որպես այն ստորագրած անձ։

թ) Փաստաթղթի էլեկտրոնային ձևի, բովանդակության, դրանում առկա ստորագրությունների իսկության վերաբերյալ կասկածների դեպքում դատարանն իրավունք ունի պահանջել ներկայացնել այդ Փաստաթղթի բնօրինակը կամ պատշաճ վավերացված օրինակը թղթային եղանակով:

 

3.2 Անձնական գրասենյակ

ա)      Փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են օգտատիրոջ անձնական գրասենյակի միջոցով հայցադիմումը, դիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքը, հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխանները լրացնելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելուց հետո «Ավարտել» կոճակը սեղմելու միջոցով:

բ) Անձնական գրասենյակն ստեղծվում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունից, ով ներկայացնում է Փաստաթուղթը։

գ) Ներկայացուցչի անձնական գրասենյակի միջոցով կարող են Փաստաթղթեր ներկայացվել նաև մեկից ավելի վստահորդ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց վերաբերյալ:

դ) Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայցադիմումին, դիմումին, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին Համակարգի միջոցով կցվում են դրանց օրինակը և կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ:

ե) Հայցի ապահովման միջոց կիրառելու և/կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում հայցվորը, սույն կետում նշված միջնորդության հետ միասին, ներկայացնում է գործին մասնակցող անձանց ծանուցման անձնական գրասենյակի տվյալները կամ փոստային հասցեները։

զ) Պայմանագրով նախատեսված  ծանուցման դեպքում էլեկտրոնային եղանակով դատարան է ուղարկվում նաև դրա ապացույցը։

է) Պատասխանողի և/կամ գործին մասնակցող այլ անձանց պաշտոնական կայքում առկա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցելու դեպքում դատարանին էլեկտրոնային եղականով ուղարկվում է պաշտոնական կայքի էլեկտրոնային հասցեն, որտեղ հստակ երևում է պատասխանողի կամ գործին մասնակցող այլ անձանց էլեկտրոնային հասցեները։ 

ը) Էլեկտրոնային պատշաճ ծանուցման հասցեի բացակայության դեպքում հայցվորը դատարան է ներկայացնում հայցադիմումի, դիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների թղթային օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան։

 

 

 

  1. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԸ

 

4.1 Դատարան ներկայացվող Փաստաթղթի ֆայլի բեռնումն ավարտելուց հետո` օգտատերը անձնական գրասենյակի միջոցով Փաստաթուղթն ուղարկում է դատարան։

4.2 Փաստաթուղթը դատարան ուղարկելուց հետո օգտատիրոջ «անձնական գրասենյակին» ուղարկվում է ինքնաշխատ ծանուցում Փաստաթղթի ստացման /ամիսը, ամսաթիվը և ժամը/ մասին։

4.3 Փաստաթղթի ներկայացման պահը որոշելու նպատակով Համակարգում Փաստաթղթի ստացման ամիսը, ամսաթիվը և ժամն ինքնաշխատ կերպով արձանագրվում են:

4.4 Փաստաթղթի ներկայացման` Կարգով նախատեսված պայմանները պահպանված լինելու դեպքում, ինքնաշխատ եղանակով, Փաստաթուղթը ներբեռնվում է համակարգչային ծրագրում, ինչպես նաև օգտատիրոջն ուղարկվում է ծանուցում՝ դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի ստացման մասին։

4.5 Ծանուցման մեջ նշվում է ծանուցումն ուղարկող դատարանի անվանումը, դատարան ստացված դիմումի և կից փաստաթղթերի անվանումները, դիմումը Համակարգում մուտք գործելու ամիսը, ամսաթիվն ու ժամը և այն դատարանի կողմից ստանալու ամսաթիվն ու ժամը։ Ծանուցման մեջ, առկայության դեպքում, նշվում է նաև համապատասխան դատական գործի համարը։

4.6 Փաստաթղթի ներկայացման՝ Կարգով նախատեսված պայմանները պահպանված չլինելու դեպքում, ծրագիրն ինքնաշխատ եղանակով մերժում է Փաստաթղթի ներբեռնումը՝ օգտատիրոջը ցուցադրելով առկա թերությունները: 

4.7 Փաստաթղթի ընդունման ներբեռնումը ծրագրի կողմից մերժվում է, եթե ՝

  1. ֆայլերը ներկայացված են Համակարգի հետ անհամատեղելի ձևաչափերով,
  2. չեն ներկայացվել առանձին ֆայլերով, մեկ ֆայլում առկա են մի քանի էլեկտրոնային փաստաթղթեր կամ էլեկտրոնային ձև ունեցող մի քանի փաստաթղթեր,
  3. ֆայլերը և/կամ դրանցում պարունակվող տվյալները հասանելի չեն աշխատանքի համար, մասնավորապես՝ պաշտպանված են պատճենումից և/կամ պատճենահանումից,
  4. էլեկտրոնային փաստաթղթի դեպքում չի ստորագրվել վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ,
  5. էլեկտրոնային թվային ստորագրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված ձևին,
  6. խախտվել են Կարգով սահմանված փաստաթղթին ներկայացվող այլ պահանջներ:

4.8 Համակարգում մուտք արված սկանավորված Փաստաթղթի ստուգումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով, պարզելու համար՝ արդյոք Փաստաթուղթը հասանելի է ընթերցելու համար, ընթեռնելի է և ձևակերպված է ՀՀ օրենսդրությանը և  Կարգին համապատասխան:

4.9     Դատական գործին կցելու նպատակով դատարանի աշխատակազմի կողմից տպվում են դատարան էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերը։ Անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթի պատճեները պատճենահանվում են, հաստատվում դատարանի կնիքով և կցվում են դատական գործին:

4.10   Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթի ընդունումը, հաշվառումը և գրանցումը կատարվում են Համակարգի ներքին տիրույթում դատարանների գործավարության համապատասխան կանոններով` հաշվի առնելով էլեկտրոնային արդարադատության առանձնահատկությունները:

 

 

Ֆայլ