background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով եւ օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչը էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները

28.11.2022

image

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի ունեցավ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցում էր հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ: Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ:

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչը էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Հաջորդ շաբաթ, դարձյալ Դիլիջանում, տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:

Արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կիսվել

նկարներ