background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.03.2023

image

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորի թվով 1 թափուր հաստիք՝ Վերաքննիչ դատարանի համապատասխան մասնագիտացումներով դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հայտարարություն հրապարակել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի  համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

Համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը, իսկ համաձայն նույն հոդվածի 10-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար ներկայացվող դիմումին կցվում է Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ առաջին համալրման նպատակով սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում են հարցազրույցներ:

Վերը նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (հասցե` ք. Երևան, Կորյունի 17)՝ սույն հայտարարության հրապարակման պահից մինչև 2023 թվականի մարտի 31-ը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել

հեռ.՝ (010) 511-816, 511-819, 511-786

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Կիսվել