ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.12.2023

image

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-99-Ո-306 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել հրապարակել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու վերաբերյալ հայտարարություն՝ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև նշված հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

Համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը, իսկ համաձայն նույն հոդվածի 10-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար ներկայացվող դիմումին կցվում է Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ առաջին համալրման նպատակով սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում են հարցազրույցներ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.

2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, իսկ 1.2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկացվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք սույն հայտարարության հրապարակումից հետո մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ներառյալ սահմանված կարգով իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17 Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել

հեռ.՝ (010) 511-816, 511-819, 511-786

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Կիսվել