ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
30.09.2024
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-89-Ո-184 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել հրապարակել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը համալրելու վերաբերյալ հայտարարություն՝ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև նշված հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:
Համաձայն նույն հոդվածի 8-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք սահմանված ժամկետում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 8.1-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչև դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում լրացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկությունը և դիմումին կից ներկայացնում էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին հայտարարություն։
Համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը, իսկ համաձայն նույն հոդվածի 10-րդ մասի՝ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 11․04.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով։
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`
1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.
2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, իսկ նույն հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների նկատմամբ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև տեղեկացվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք սույն հայտարարության հրապարակումից հետո 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ սահմանված կարգով իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17 Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և
թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն (հեռ.՝ (010) 511-816, 511-819):
Բարձրագույն դատական խորհուրդ