Դատական դեպարտամենտում կանադացիների հետ քննարկվել են դատական համակարգի կառուցվածքին և թվայնացմանը վերաբերող հարցեր
30.09.2025
Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպել են Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը ներկայացրել է դեպարտամենտի կառուցվածքը, լիազորություններն ու այլ կառույցների հետ համագործակցության եղանակները։ Նա նշել է, որ դեպարտամենտի առաջնահերթություններից է ոչ միայն ապահովել դատական համակարգի անխափան գործունեությունը, այլև նպաստել նրա ինստիտուցիոնալ ամրապնդմանը և հանրային վստահության բարձրացմանը։
Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Կանադայի փորձը դատարանների կառավարման, արդարադատության արդյունավետության բարձրացման և թափանցիկության ապահովման գործում։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանն անդրադարձել է դատական պրակտիկայի վերլուծության մեխանիզմներին, ինչպես նաև, հյուրերի խնդրանքով, մանրամասնել է անչափահասների դատական գործերը վարող դատավորների վերապատրաստման կարգին առնչվող հարցեր։
Կանադական կողմը ներկայացրել է դատական ծառայողների իրենց երկրի փորձը՝ նշելով, որ նահանգային առանձնահատկություններով է պայմանավորվում դատական ծառայողի գործառույթներն ու կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
Նրանք հավելել են նաև, որ ոչ բոլոր նահանգներում է դատավարական գործընթացի կազմակերպումն իրականանցվում էլեկտրոնային եղանակով։
Այս համատեքստում դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ Խորեն Պետրոսյանը ներկայացրել է դատական համակարգի թվայնացման փորձն ու էլեկտրոնային արդարադատության գործիքների գործնական կիրառությունը։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման և անչափահասների արդարադատությանը, դատական համակարգի գործունեությանն առնչվող փորձի փոխանակման համար։
նկարներ