Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը Մոսկվա

07.04.2021

image

Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը Մոսկվա

 

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում էր:

Պատվիրակությունը գլխավորում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Մեսրոպ Մակյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Դավիթ Ղուլյանը:

Մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:

Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:

Ի նշանավորումն երկու երկրների դատական իշխանությունների միջև ջերմ գործընկերական փոխհարաբերությունների հաստատման՝ Ռուբեն Վարդազարյանը ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևին է փոխանցել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը և գրառում կատարել ՌԴ Գերագույն դատարանի Պատվո հուշամատյանում:

Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման նպատակով  հայկական պատվիրակությունը ՌԴ մայրաքաղաք կատարած այցի շրջանակում աշխատանքային ու գործընկերական հանդիպումներ է ունեցել ՌԴ դատական իշխանության և հանրային շերտի ներկայացուցիչների հետ ևս:

Մասնավորապես, այցի հաջորդ օրը, Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:

Այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում:

Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման գործիքակազմը, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրների լուծման իրենց ուղիները, դատարանների նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հնարավորությունները, կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական կառուցակարգերը:

Հանդիպումից հետո հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ռուսական դատական մշակույթի ուշագրավ ներկայացում՝ ՌԴ Գերագույն դատարանի թանգարանում:

Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ:

Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան:

Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը  փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:

Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են նաև Մոսկվայի քաղաքային դատարանում:

Այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածքը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ և ռուս գործընկերները մտքեր են փոխանակել  երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների և ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների և արդյունավետության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջև նորովի ձևավորվող փոխգործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման և կատարելագործման ճանապարհին:

Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչները հաջորդ օրն արդեն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ:

Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:

Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են.

- էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը,

- դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին,

- արդարադատության համակարգային մշտադիտարկմանը,

- արդարադատության ծախսատարության կրճատմանը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի ավարտին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր:

Պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջույնի և օրհնանքի խոսքեր հղել հյուրերին:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Տիրոջ Պայծառակերպության տաճար, աղոթել հայրենիքի խաղաղության և բարգավաճման համար և մոմ վառել:

Կիսվել

նկարներ