ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.01.2022

image

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 44.1-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 10-րդ մասը և այդ նորմերի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման Հավելված 1-ինի 3-րդ բաժնի 16-րդ կետը՝ անհրաժեշտություն է առաջացել միջազգային փորձագետի թեկնածությունն առաջադրելու նպատակով լրացուցիչ հայտարարություն տարածելու:

Օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ որպես փորձագետ կարող է ընտրվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից: (…):

Փորձագետի թեկնածուի համար առաջադրվում են հետևյալ պահանջները.

ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.

բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության ոլորտը։

29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշմամբ հաստատված Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգի 3-րդ կետի համաձայն՝ (…) հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ մատուցած) փորձագետը, մասնագետը:

Վեր նշված պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց փաստաթղթերն առձեռն ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից մինչև 2022 թվականի հունվարի 25-ը ներառյալ:

Փորձագետի թեկնածուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից՝ ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից։

Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,

2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),

4. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,

5. Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,

6. Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,

7. Գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,

8. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ Կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին։

Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են՝ երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով։ Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին։Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված։

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

 

Կիսվել