ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի Հանրապետություն

18.05.2022

image

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ: 

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների, իրավական ոլորտի փորձագետների հետ: 

Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, անդրադարձել են ոլորտում առկա բացերը շտկելու ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին:

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման տեխնիկական լուծումներին:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների՝ Վրաստանում դատական համակարգի ձեռքբերումներին և ձախողումներին, դատավորների բարեվարքության սկզբունքների պահպանմանը, կարգապահական վարույթների հարուցմանը, մարզային դատարանների հետ կապին, թվայնացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի վերաբերյալ:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերը շարունակական դարձնելու և ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի և Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի միջև համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

 


Կիսվել

նկարներ