background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի մասին

19.11.2021

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու համապատասխանաբար 2022 թվականի հունվարի 10-ին և 11-ին, ժամը 10:00-ին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և որակավորման գրավոր քննության անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2022 թվականի հունվարի 11-ին և 12-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Կորյունի 17 հասցեում):

Միաժամանակ տեղեկացվում է, որ անցկացվելիք որակավորման գրավոր քննությունների անցկացման վայրի մասին տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ