Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն պալատները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ

31.03.2022

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական և Վարչական պալատ) այն դատավորները, որոնք մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատը գործելուց հետո:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանը և Ռուզաննա Հակոբյանը 07.03.2022 թվականին ներկայացրել են իրենց գրավոր համաձայնությունը Վարչական պալատում պաշտոնավարելը շարունակելու նպատակով: 28.03.2022 թվականի ԲԴԽ-34-Ո-63 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է Հովսեփ Բեդևյանի և Ռուզաննա Հակոբյանի Վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու հանգամանքը:

 Վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ՝ Քրեական պալատ) դատավորները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (այսուհետ՝ Հակակոռուպցիոն պալատ) կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Սույն մասով նախատեսված՝ գրավոր համաձայնություն ներկայացրած Քաղաքացիական և վարչական պալատի դատավորները մինչև Վարչական պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ: Սույն մասով նախատեսված՝ Քրեական պալատի՝ գրավոր համաձայնություն ներկայացրած և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորները մինչև Հակակոռուպցիոն պալատը գործելը պաշտոնավարում են որպես Քրեական պալատի դատավորներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում գործում են՝

1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.

2) քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով.

3) վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով.

4) հակակոռուպցիոն պալատը՝ 10 դատավորի թվակազմով:

Նույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը լուծելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն համապատասխանաբար Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Քաղաքացիական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի և համալրման կարգի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ ներկա պահին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատում առկա է 10, իսկ Վարչական պալատւմ՝թափուր տեղ, ուստի  անհրաժեշտություն է առաջացել համալրել նշված պալատները համապատասխան քանակի թեկնածուներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով մինչև սույն թվականի ապրիլի 15-ը դիմել իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Բարձրագույն դատական խորհուրդ