background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

04.05.2022

   Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ ԲԴԽ-44-Ո-125 որոշումը՝ «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը անհրաժեշտ քանակի թեկնածուներով չի համալրվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել երկու (2) թեկնածուով։

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

  1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

 2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

 3) այն անձը, որը՝

  ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

  բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

  Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 19 ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

  ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած՝ բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն մասով նախատեսված անձինք սույն հոդվածով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ մասնակցում են հարցազրույցների:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը։

  Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ