background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.07.2022

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատում առկա է դատավորի թվով 4 թափուր հաստիք՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատական կազմում թվով 2 դատավորի և կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում թվով 2 դատավորի թափուր հաստիք, hետևաբար Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հայտարարություն հրապարակելու:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ