ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.07.2018

2018 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել էր հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը ներառյալ:

Սույն թվականի հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով դիմումներ ներկայացրած անձանցից ոչ ոք չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ:

Ուստի կրկին հրապարակվում է հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն առաջադրումներ սկսելու մասին:

Սույն հայտարարությունը հրապարակելու պահին ՀՀ վճռաբեկ դատարանում առկա է դատավորի 1 (մեկ) թափուր տեղ` քաղաքացիական և վարչական մասնագիտացման գծով: Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

  1. համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
  2. վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
  3. իրավագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող և առնվազն 10 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, մինչև սույն թվականի հուլիսի 26-ը ներառյալ, վերը նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

Ծանոթություն.

դիմումները ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ

/ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 511-778, 511-760/