ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

07.02.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին»:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ներկայումս գործող ծառայողական առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա են 2 թեկնածուներ, իսկ քրեական և վարչական մասնագիտացման բաժինները սպառված են:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը՝ արձանագրել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժինը՝ 1 /մեկ/ թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 3 /երեք/ թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի փետրվարի 24-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511-778 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել  bdx@court.am էլեկտրոնային փոստի հասցեով: