Նորություններ
RSS06.06.2019
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸԲարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հունիսի 7-ի նիստում, հանդես գալով որպես դատարան, դռնբաց կարգով քննեց ՀՀ արդարադատության նախարար Ա․Զեյնալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․ Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․ Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի հունիսի 14-ին, ժամը 16։00-ին։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
04.06.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸԵրկրում ընթացող համընդգրկուն բարեփոխումների համատեքստում հանրությունը միանգամայն արդարացի ակնկալիք ունի, որ դրանք արմատական դրական բեկում կառաջացնեն նաև դատական իշխանության համակարգում: Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ընդգծել է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը և այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը: Անցած մեկ տարվա ընթացքում խորքային ուսումնասիրություններ են կատարվել, ինչը հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմելու ոչ միայն առկա հիմնախնդիրների, այլև դրանց պատճառների ու դրանք շուտափույթ լուծելու տեսանկյունից: Արդյունքում համալիր ծրագրեր են մշակվել, որին նկատելի աջակցություն են ցուցաբերել մի շարք դատավորներ: Այդ ծրագրերը միտված են արդարադատության որակի վրա խիստ բացասաբար ազդեցություն թողնող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են՝ դատավորների աննախադեպ գերծանրաբեռնվածությունը, կոռուպցիոն ռիսկերը, դատավորի վրա արտաքին և ներքին ազդեցությունները:
Մենք արձանագրում ենք, որ, ելնելով սահմանադրական կարգավիճակից ու իր առջև դրված առաքելությունից, ներկա փուլում դատական իշխանության համակարգում բարեփոխումների առանցքում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը Հանրապետության Հիմնական օրենքով վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչն էլ կանխորոշում է վերջինիս գործունեության վեկտորները: Ընդ որում, համարժեք պատկերացնելով այս փուլում բարեփոխումների խորքայնությունը, բարդությունը և աննախադեպ մեծ պատասխանատվությունը, հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով և նախագծերով:
Համոզված ենք, որ այս պատասխանատու գործընթացում մեզ համար անհրաժեշտ է լինելու իշխանության մյուս ճյուղերի շահագրգիռ աջակցությունը: Մենք այս փուլում, ավելի քան երբևէ, ակնկալում ենք նաև քաղաքացիական հասարակության ողջամիտ համագործակցությունը: Պատրաստվում ենք արհեստավարժության ակնհայտ բարձր որակներ պահանջող այս գործընթացում ներգրավել Հանրապետության լավագույն և անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ:
Այս շրջանում դեռևս չանդրադառնալով մեր ծրագրերի մանրամասներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել բարեփոխումների որոշ ուրվագծեր՝ կապված հակակոռուպցիոն դատական ատյան ձևավորելու, դատավորների կողմից թույլ տված հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությանն առավել անմիջական ու արդյունավետ արձագանքելուն միտված իրավական հիմքերը վերանայելու, դատական համակարգում միջազգային չափորոշիչներին համահունչ մոնիթորինգի ներդրման հետ և այլն: Այս հարցադրումների առնչությամբ մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա, գործելու ենք խիստ ծանրաբեռնված ռեժիմով:
Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաև միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, և այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են:
Մի կարևոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում:
04.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի 24.05.2019թ. թիվ 02/16.10/23309-2019 գրությունը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա ս․թ․ հունիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
Քննարկման համար նախատեսված նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am)
Խնդրվում է վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. հունիսի 6-ը՝ ժամը 15:00-ն (էլ-հասցե` press.courts@gmail.com):
03.06.2019
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԱնհրաժեշտ պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ հնչեցրած անհիմն կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ: Ընդ որում, փաստաբանը նույն ասուլիսում հայտնել է նաև, որ դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան՝ ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այդ կապակցությամբ բարձրացված հարցը համալիր քննարկվել է Դատական դեպարտամենտում, որի արդյունքներով հարկ ենք համարում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել հանրությանը՝ կանխելու համար անհարկի թյուր պատկերացումները:
Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)»:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին»:
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվի առմամբ:
Նույն հավելված 1-ի 23-րդ կետի համաձայն՝ միևնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից:
Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին» 18.05.2019թ. և «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 20.05.2019թ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործը բաշխվել է (մակագրվել է) ինչպես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման պահանջներին համապատասխան:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն