background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Նորություններ

RSS
image

04.05.2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր:

Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառնալիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխավորման հարցերի առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի մոտեցումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված ու ծրագրված քայլերը:

Հանդիպումից հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94 և 130-րդ հոդվածների, 166-րդ հոդվածի 29, 31 և 32-րդ մասերի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94, 127, 128, 129-րդ հոդվածների և 166-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թափուր տեղերում նշանակելու համար՝ Տիգրան Սիմոնյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:

Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

27.04.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը, և մանրամասն ներկայացրել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը, ուղենշել առաջնահերթությունները, ներկայացրել առաջարկություններ:

Ինչպես իր խոսքում նշել է Գագիկ Հարությունյանը. «Խորհրդի գերագույն խնդիրն է՝ ապահովել դատավորի լիարժեք անկախությունը և դրա օգնությամբ արդարադատության անկախությունը»: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հյուրերին ներկայացրել է որդեգրված այն սկզբունքները, որոնք ապահովելու են Խորհրդի արդյունավետ գործունեությունը:

«Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 3-4 մակարդակի ուսումնասիրություն: Առաջինը՝ օբյեկտիվ գնահատել-ախտորոշել առկա վիճակը, երկրորդ՝ հստակ ուսումնասիրել միջազգային պրակտիկան, երրորդ՝ որոշակիացնել, մեզ համար պարզել միջազգային իրավական մոտեցումները և միաժամանակ՝ կարողանալ հաղորդակից լինել եվրոպական դատական խորհուրդների ամփոփումներին և մոտեցումներին»,-ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Գագիկ Հարությունյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված մի շարք լիազորությունների իրականացման ընթացքում անհրաժեշտություն կառաջանա միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների վերաբերյալ խորհրդատվական բնույթի ծառայություններ և լիահույս է, որ Եվրոպական խորհրդից կստացվի հնարավոր աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հնարավորինս կփորձի աջակցել Բարձրագույն դատական խորհրդին՝ այդ կարևոր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար:

«Շատ կարևոր խնդիրներ են բարձրացվում, որոնք միշտ եղել են մեր ծրագրերի ուշադրության կենտրոնում: Պետք է գծել մեր համագործակցության եզրերը՝ նկատի ունենալով նաև մեր ռեսուրսները, ծրագրի ժամկետները և հնարավորությունները»,-ասել է Լիլիթ Դանեղյանը:

Հյուրերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին են հանձնել բոլոր դատարաններից օգտվողների շրջանում կատարված ուսումնասիրության և ըստ այդ տվյալների իրականացված վերլուծության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պատրաստած ձեռնարկը:

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխգործակցության մթնոլորտում և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

19.04.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաև քննարկվել արդյունավետ ուղղություններ՝ հանձնաժողովների աշխատանքները նոր դատական օրենսգրքի պահանջներին համահունչ դարձնելու կապակցությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Հանձնաժողովներին վերապահված լիազորություններին, դրանց լիարժեք իրագործմանը, կառուցակարգային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Գագիկ Հարությունյանը նշել է, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը արդյունավետ աշխատանքն է:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր: