Նորություններ

RSS
image

13.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵՑ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵՑ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածով, անցկացրեց Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:

Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Դանիելյան Ելիզավետա – 5
Թադևոսյան Լիլիթ – 5

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասով, անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով:

Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը:

Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության:

Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.07.2018

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Հուլիսի 13-ին Վանաձոր քաղաքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Հանդիպման նպատակն էր անձամբ շփվել դատավորների հետ, տեղում ծանոթանալ հուզող խնդիրներին, ինչպես նաև նրանց իրազեկ դարձնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն խնդիրների ուսումնասիրությունը, հիմնավորվածությունը, լուծման հնարավոր ուղիների իրավաչափությունը, ինչպես նաև դատարանների նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Խորհուրդն անդրադարձավ նաև պետաիշխանական հարաբերություններում դատական իշխանության ֆունկցիոնալ գործունեության հստակեցման կարևորությանը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության հակակշռող ու զսպող դերակատարությամբ:

Առանձնակի կարևորվեց նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների բացառումը, Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումն ու դատական իշխանության բարեփոխումներին ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչումը:

Հարցերի առնչությամբ դատավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները, կարծիքներն ու դիտարկումները:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Մուշեղ Հարությունյանը:

Այսօր կազմակերպվեց և անցկացվեց նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նոր ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Հրաչիկ Սարգսյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.07.2018

Ի ՊԱՏԱՍԽԱՆ 1in.am ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1in.am կայքի հուլիսի 11-ի «ԲԴԽ-ն լուծարե՞լ, թե՞ դատավորներին հանել, որ Վլադի գործն առաջ գնա» https://www.1in.am/2388811.html հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը, թե «…դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին և մեկ տասնյակից ավելի անձանց «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով», անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև 11.07.2018թ կայացած նիստի արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝ կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից:

Նիստի արձանագրության քաղվածքը

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն